Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՏՆՕՐԵՆԻՆ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր այցելության ժամանակ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի աշխատակազմին ներկայացրեց կազմակերպության նորանշանակ տնօրեն Արգամ Հովսեփյանին:
ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհավորելով Արգամ Հովսեփյանին նշեց, որ երկար տարիներ աշխատելով փորձագիտական բնագավառում նա ծանոթ է ոլորտին և լավատեղյակ է այն քայլերին, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել կազմակերպության շարունակական զարգացումն ապահովելու համար և համոզմունք հայտնեց, որ նա կկարողանա նոր թափ հաղորդել կազմակերպության առաջընթացին, քանի որ կազմակերպությունում Արգամ Հովսեփյանն աշխատելով ստեղծման օրվանից քաջատեղյակ է նաև անձնակազմի ուժեղ և թույլ կողմերին:
ՀՀ ԳԱԱ նախագահը վստահություն հայտնեց, որ Արգամ Հովսեփյանի կողմից պաշտոնի ստանձնումը կլինի շատ սահուն և նշեց, որ անձնակազմին անհրաժեշտ է համախմբվել, ներդնել առկա ողջ ներուժը, ձեռքբերումներն ու փորձը ոլորտի շարունակական զարգացումն ու առաջընթացն ապահովելու նպատակով:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոսեց նաև ոլորտի առջև կանգնած խնդիրների, առաջիկա զարգացման ծրագրերի և հեռանկարների մասին:
Արգամ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահին և կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնին` խորհրդին, նման բարդ և պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, հավաստիացնելով, որ նախորդ տարիների փորձի և գործունեության արդյունքում կազմակերպությունում ձևավորվել է համախմբված թիմ և ինքը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները ստեղծելու այն հարթակը, այն օբյեկտիվ դաշտը, որտեղ աշխատակիցների գործունեության՝ մասնագիտական ունակությունների իրացման արդյունքում հնարավոր կլինի ապահովել կազմակերպության կանոնադրական գործառույթների պատշաճ մակարդակը:
Ա.Հովսեփյանը նաև նշեց, որ ներդնելու է ողջ ներուժը բարձրացնելու կազմակերպության դերն ու նշանակությունն ինչպես ներպետական մակարդակներում, այնպես էլ միջազգային հարթակներում, ընդգծելով նաև շահագրգիռ պետական մարմինների աջակցության կարևորությունը կազմակերպության զարգացման գործում:
28 Դեկտեմբեր 2016